National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.04.2022
Պատգամավորները երկօրյա այցով եղել են Շիրակի մարզում
1 / 15

Գյումրիում լուծման կարիք ունեցող հիմնական հարցն անօթեւանությունն է: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո դեռեւս տնակներում ապրողներ կան, նրանց թիվը մոտ 2500 է:

Հայաստանի Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ապրիլի 6-ին այցելել են Գյումրի, տեղում ծանոթացել Շիրակի մարզի համայնքների խնդիրներին: Երկօրյա այցն անցկացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից  խորհրդարան» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության «Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության (SIDA)» աջակցության շնորհիվ: Հանձնաժողովի անդամներին առկա խնդիրներն ու կատարված աշխատանքներն է ներկայացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Հանդիպմանը մասնակցել են փոխմարզպետներ Կարեն Մանուկյանը եւ Ալբերտ Այվազյանը:

Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ թեեւ Կառավարությունն իր պարտավորվածություններն ամբողջապես իրականացրել է, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր բնակվում են ժամանակավոր կացարաններում: Նրանցից շատերն ինչ-ինչ պատճառներով չունեն երկրաշարժի հետեւանքով անօթեւանի կարգավիճակ: Որոշ դեպքերում ընտանիքների համալրում է տեղի ունեցել, որոշ դեպքերում սոցիալական պայմաններից ելնելով՝ քաղաքացիները բնակարանները վաճառել եւ կրկին վերադարձել են ժամանակավոր կացարաններ: Մարզպետն ասել է, որ տնակները հիմնականում 2 խոշոր թաղամասում են:

«Ելնելով Կառավարության մոտեցումներից՝ լիահույս եմ, որ կամ սոցիալական բնակարանների, կամ այլ ծրագրերի ձեւաչափով հնարավոր կլինի այս մարդկանց խնդիրներին լուծում տալ»,- նշել է մարզպետը:

Պատգամավորներին նաեւ տեղեկացրել են, որ ոռոգման աշխատանքները մարզում այս տարի մոտ 1 ամիս շուտ են սկսվել՝ ելնելով նախորդ տարիների փորձից: Սկսվել է նաեւ Կապսի ջրամբարի կառուցումը: Մարզի պատասխանատուները կարծում են, որ ջրամբարի գործարկումը գյուղատնտեսության ոլորտում նոր հնարավորություններ կբացի:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամները հանդիպել են մարզի մեկ տասնյակից ավելի ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը, տվել պարզաբանումներ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման   Խոջոյանը:

Այլեւայլ հարցերից բացի ֆերմերները հետաքրքրվել են նաեւ սեփականաշնորհված, սակայն չօգտագործվող հողակտորներով: Մեղրաշեն գյուղական համայնքի ղեկավար, «Շիրակ ֆերմերների ասոցիացիայի» նախագահ Հունան Պետրոսյանը հարցրել է, թե հանձնաժողովի օրակարգում կա՞ գաղափար, որը հնարավորություն կտա խոշորացնել ժամանակին տարերայնորեն մասնատված հողակտորները: Նրա խոսքով՝ դրանց վրա դժվար է արդյունավետ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը պարզաբանել է, որ իրենց հանձնաժողովն Էկոնոմիկայի նախարարության հետ ուսումնասիրում է հարցը, խորհրդակցում միջազգային մասնագիտացված կառույցների հետ, փորձում գտնել լուծման տարբերակներ:  Սակայն, ըստ նրա, այստեղ սեփականության իրավունքի հետ կապված խնդիր կա, եւ իրենք չեն կարող հողը ետ վերցնել:

«ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ այն հողատարածքը, որը երեք տարի չի օգտագործվում, համայնքը ետ վերցնի, բայց ՀՀ պրակտիկայում ոչ մի տեղ, ոչ մի կտոր հողատարածք չես կարող վերցնել, դա սահմանադրական իրավունք է: Բացի այդ, ոչ մի համայնքապետ իր բնակչի հողը ետ վերցնելու բարոյական իրավունք իրեն չի վերապահել, քանի որ նա ընտրությունից ընտրություն այդ գյուղացու ձայնը վերցնելու խնդիր է ունեցել:  Հիմա մենք ի՞նչ ենք արել: Մեր ներդրած համամասնական ընտրակարգը շատ կարեւոր է. համայնքապետն ուղիղ ընտրությամբ չի ընտրվում, եւ նման հարցերին շատ լուրջ ուշադրություն դարձնելու հավանականություն կա»,- ասել է Վահե Ղալումյանը: Նա հայտնել է, որ այժմ քննարկվում է չմշակվող հողակտորների գույքահարկը թանկացնելու հարցը:

Հանձնաժողովի անդամներն օրվա ավարտին հանդիպել են Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչների  հետ: Նրանք պատգամավորների հետ կիսվել են իրենց խնդիրներով, կարեւորել անօթեւան բնակիչների խնդրի լուծումը, անդրադարձել թափառող կենդանիների ստերջացման հարցին: Նշվել է, որ թեեւ թափառող կենդանիները ստերջացվում կամ անհրաժեշտության դեպքում քնեցվում են, եւ քաղաքացիների ու կենդանասերների բողոքները պակասել են, այնուամենայնիվ, խնդիրն ամբողջությամբ չի լուծվել, քանի որ այլ համայնքներից թափառող շներ են բերվում եւ բաց թողնվում Գյումրիում:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հայտնել է, որ իրենք հերթով այցելելու են հանրապետության բոլոր մարզեր՝ ծանոթանալու խնդիրներին եւ փորձելու աջակցել օրենսդրական մակարդակում դրանց լուծմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am